LifestyleMusic

ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՋԱԶՆ ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳՈՎ

25/09/2016
gary kesayan

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում ճանաչված երաժիշտների հետ հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգով: Սեպտեմբերի սկզբին Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Քյոսայանի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել երգչուհի Ալլա Սահակյանը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթի Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ինչպես նաև ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը:

Համերգի ընթացքում հնչել են Քյոսայանի սիրված և նոր ստեղծագործությունները: Մասնավորապես, ամերիկաբնակ հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրել է կոմպոզիտորի «Morning», «Waltz for Maria», «Night in Gethsemane», «Mirror» գործերը: Հատկանշական է, որ այս համերգի ընթացքում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտները, որոնք կատարել են համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ, նվագել են հայ կոմպոզիտորի գործերը, ինչը մեծ բավականություն և նոր բացահայտում է եղել նրանց համար: Երաժիշտները մեծարանքի խոսքեր են հնչեցրել Քյոսայանի ստեղծագործությունների վերաբերյալ:  

Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգի մասնակիցներին: Ունկնդիրը նաև «պահանջել» է լրացուցիչ համարներ: Հավելենք, որ համերգային երեկոն կազմակերպել էր Լոս Անջելեսի հայկական միությունը (Armenian Society of Los Angeles): Երաժիշտները համերգից առաջ ելույթ են ունեցել նաև կազմակերպության 60-ամյակին նվիրված հանդիսությանը, որի ընթացքում հատուկ շեշտվել է, որ Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն այս տարի առաջին անգամ հնչել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:

« «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրի ներքո առաջին անգամ համերգով հանդես եմ եկել Երևանում, նախորդ տարի հոկտեմբերին: Կարծում եմ, որ արվեստ, ջազ սիրող մարդիկ ցեղասպանության ունակ չեն: Նպատակ ունենք այդ խորագրի ներքո համերգներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ֆրանսիայում, Բեյրութում և այլ վայրերում հանդես գալու վերաբերյալ»,-տեղեկացրեց Գարի Քյոսայանը:

Կոմպոզիտորը վերջին տարիներին աշխատում է իր նոր` «Ծիր Կաթին» ձայնասկավառակի վրա, և 2017-ին պատրաստվում է այն ունկնդիրների դատին հանձնել:

Քյոսայանն այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Հեղինակել է նաև կինոերաժշտություն («Արահետ», «Լռության սիմֆոնիա»): 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը: Նրա` 100-ից ավելի ջազային ստեղծագործություններն ու  դասական ժանրում գրված գործերն ինքնատիպ են ու յուրահատուկ:

Los Angeles Times-ի բնորոշմամբ` Գարի Քյոսայանի երաժշտության մեջ հայ մարդու հոգևոր շունչն է: Պարբերականը Քյոսայանի երաժշտությունը համարում է «նոր քայլ` ջազում»: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձևեր և նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը և բոլոր ժամանակներում արդիական է:

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել