LifestyleTravel

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ | ՀԵՐՀԵՐԻ ՋՐՎԵԺՆԵՐ

19/09/2016
1959790_858907020815894_5530269276229579503_n

Գիտականորեն ապացուցված է, որ ջրվեժների շառաչյունը թուլացնում է ունկնդրի նյարդային համակարգի լարվածությունը, հանգստացնում տեսողությունը և, իհարկե, էսթետիկ հաճույք պատճառում: Առաջարկում ենք մեզ հետ միասին վիրտուալ ճամփորդություն կատարել դեպի Վայոց Ձոր և բացահայտել այնտեղ գտնվող բնության հրաշքներից մեկը:

Մեզանում այդքան հայտնի Ջերմուկի, Թռչկանի, Շաքիի ջրվեժների կողքին Հայաստանում կա ևս մեկը, որի մասին այդքան էլ չեն խոսում և որի մասին շատ քիչ տեղեկություն ունենք: Խոսքը Վայոց Ձորի մարզում գտնվող Հերհերի (Քարավազի) ջրվեժների մասին է: Այս ջրվեժները բնության իրական հրաշք են: Գտնվում են Հերհեր գյուղից վերև: Ճանապարհի սկզբնամասը անկրկնելի գեղեցիկ է՝ շրջապատված ժայռերով ու ծառերով:

Ջրվեժներն, իրականում, երկուսն են՝ Հերհերի և Քարավազի: Վերջիններս, ի դեպ, գրանցված են ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում:

Նրանցից վերինը՝ Քարավազի ջրվեժը, գտնվում է Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա: Այստեղից էլ ծագել է նրա անվանումը: Ճեղքելով ժայռերը՝ այն դուրս է գալիս՝ առաջացնելով սահանքային ջրվեժ:

Մյուսը՝ Հերհերի ջրվեժը, գտնվում է Հերհեր գետի վրա, համանուն գյուղից 5 կմ. դեպի հյուսիս: Ջրվեժը գահավիժող է, որի արդյունքում նրա տակ գոյացել է խորը ավազան, ուր կարելի է լողալ:

Հերհերի ջրվեժների մոտ տիրում է յուրահատուկ մթնոլորտ: Այն պահերին, երբ ցանկանում ես ստանալ նոր ու դրական լիցքեր, դառնալ բնության մասնիկ և մոռանալ առօրյա հոգսերը, այս վայրի այցելությունը լավագույն որոշումն է:

Հավելենք, որ մի քանի տարի առաջ Հերհեր գետի հունն ու ջրվեժներից մեկն ամբողջովին չորացել էին, իսկ մյուս ջրվեժից էլ շատ փոքր քանակությամբ ջուր էր թափվում: Կոչ ենք անում անուշադրության չմատնել նմանատիպ խնդիրները: Փոխարենը՝ լինել հոգատար և ուշադիր բնությունից մեզ տրված այս գանձերի նկատմամբ, նպաստել դրանց բարելավմանն ու դարձնել այն ճանաչելի՝ ընգրկելով Հայաստանի տեսարժան վայրերի ցանկում:

 

Նյութը՝  ©ɹɐʞoqıɐu | Point89
Լուսանկարները՝ ©ArmenianGeographic և Vahagn Grigoryan

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել