EXPERT VIEW

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՈՈՒՉԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊՐԱԿՏԻԿԱ Է». ՔՈՈՒՉ ՆԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

05/02/2021

Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), բիզնեսի կառավարման խորհրդատու, աշխարհի առաջատար` ERICKSON INTERNATIONAL քոուչինգ-դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ Նանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 2-ին տեղի ունեցավ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված «Քոուչինգ և ժուռնալիստիկա» թեմայով հանդիպում-դասընթացը:

Հաշվի առնելով քոուչինգի անհրաժեշտությունը հատկապես բարդ և անցումային ժամանակներում անձի զարգացման և նպատակների սահմանման գործում՝ «Քոուչինգ և ժուռնալիստիկա» հանդիպում-դասընթացի նպատակն է ԶԼՄ-ի ներկայացուցիչներին ծանոթացնել քոուչինգի արդյունավետ գործիքներին ու տեխնիկաներին և ժուռնալիստիկայում դրանց կիրառման առանձնահատկություններին:

Ի՞նչ է քոուչինգը, ինչո՞վ է այն տարբերվում այլ օգնող մասնագիտություններից, որոնք են քոուչինգային գործիքներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները հարցազրույցների մեջ, ինչպես է հնարավոր քոուչինգ գործիքների կիրառման միջոցով բացահայտել նյութի հերոսների իրական նպատակներն ու ներքին շարժառիթները, արդյունավետ շփվել և հաղորդակցվել ամենազուսպ և բարդ զրուցակցի հետ և շատ ու շատ այլ հետաքրքիր ու կիրառելի թեմաների շուրջ էր կառուցված դասընթացը։

Նանա Հովհաննիսյան

Լրագրողների այն հարցին, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենահաճախն է կիրառվում քոուչինգը, ICF որակավորված քոուչ (PCC) Նանա հովհաննիսյանը պատասխանեց․

«Քոուչինգն անձի ներուժի և տաղանդի բացահայտման ու զարգացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Մասնագիտությունն օրեցօր զարգանում ու տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Որպես ոլորտներ կարող եմ առանձնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և տարբեր բիզնես ոլորտները։ Այժմ այն նաև մեծ տարածում ունի կրթության ոլորտում, քանի որ քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը։ Միջազգային խոշոր և առաջատար կազմակերպություններում քոուչի հետ համագործակցությունը ընդունված պրակտիկա է։ Այդ կազմակերպություններում քոուչը դասընթացներ է անցկացնում բարձր օղակի աշխատակիցների, ղեկավարների, HR բաժնի ղեկավարի ու թիմի հետ, որպեսզի նրանք էլ կարողանան արդյունավետորեն աշխատել և համակարգել մնացած բաժինները»:

Ներկայացնելով քոուչինգի տարբերություններն այլ մասնագիտություններից՝ քոուչ Նանա Հովհաննիսյանը նշեց․

«Իրականում` քոուչինգը գործիքների ամբողջությունն է, և այդ գործիքներին տիրապետելով, կարելի է աշխատել և´ բիզնեսի, և´ անձնական խնդիրների լուծման ուղղությամբ: Ավելի հաճախ շփոթում են ոչ թե քոուչինգի տեսակները, այլ հենց քոուչինգը՝ հարակից կամ նման այլ ոլորտների հետ: Օրինակ՝ խորհրդատվություն, մենթորինգ, հոգեբանություն կամ թրեյնինգ: Ըստ էության, դրանց բոլորի վերջնանպատակը ցանկալի արդյունքի հասնելն է, սակայն սրանք բոլորը միմյանցից տարբերվում են ամենակարևորով՝ մեթոդաբանությամբ և աշխատանքի գործիքակազմով: Եթե հոգեբանը փորձում է գտնել խնդիրը, խորհրդատուն որոշակի վերլուծություններ անելով փորձում է նշմարել ճիշտ ուղին, թրեյները փոխանցում է կոնկրետ գիտելիքներ` կոնկրետ ոլորտի կամ խնդրի մասին, ապա քոուչն աշխատում է անձի մոտ լուծումնակենտրոն մտածելակերպ ու վարք ձևավորելու, սեփական ռեսուրսն ու ուժը բացահատելու և այն արդյունավետ օգտագործելու, խնդիրների լուծման, նպատակներին հասնելու իրեն իսկ համապատասխան ուղին ու մեթոդը գտնելու ուղղությամբ»։

Դասընթացի ավարտին ԶԼՄ-ի ներկայացուցիչներին տրվեց մասնակցության վկայական Նանա Հովհաննիսյանի կողմից Erickson Armenia և 818 Special Edition Consulting խորհրդատվական ընկերության համագործակցության շրջանակում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.