LifestyleMusic

«ԱՄԵՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊԻԿ ԴՐԱՄԱ | ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ԻՐ ԲՆՈՒՅԹՈՎ ԵԶԱԿԻ ՆԱԽԱԳԻԾ

05/06/2017
feature2017

Հունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացմանը կմասնակցեն լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները: 

«Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։ 

«Նախագիծն իր բնույթով, ժանրով շատ բազմաշերտ է: Մենք փորձել ենք այնպիսի ներկայացում ստեղծել, որը բոլորին հասանելի կլինի: Բեմում միախառնվելու է դասական, փոփ, ֆոլկ երաժշտությունը, այսինքն` լսելու ենք երաժշտական առումով շատ հետաքրքիր երանգներ, ստանալու ենք նոր հնչողություն: Ստեղծել ենք պատում, որի հիմքում հայոց պատմությունն է: Որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար օտարազգի մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմության և մշակույթի հետ, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս»,- նշում է նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը:

«Ամեն» շոուն ազգի վերածննդի մասին մի պատմություն է: Պատմություն, որը ներկայացվում է վիզուալ էֆեկտների, երաժշտության, պարի լեզվով։ 

Նշենք, որ բացի Արաքսյա Մուշեղյանից «Ամեն»-ի շուրջ է համախմբվել հսկայական պրոֆեսիոնալ թիմ: Լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը (Հայաստան), երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա)  և Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը (Հայաստան):  Բեմադրող-խորեոգրաֆն է Գրիգոր Խաչատրյանը (Հայաստան): Որպես խորեոգրաֆներ հանդես են գալիս Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը (Հայաստան): Զգեստների դիզայնն իրականացրել է Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ): Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան): 

Հայ հանդիսատեսն առաջինը կտեսնի նախագիծը, այնուհետև այն կներկայացվի նաև այլ երկրներում: Այս տարի «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում` հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետև այն կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:

Կարդալ նաև

Մեկնաբանել