Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 25-27-ը անցկացվելու է միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և տուն-թանգարանի հիմնադրման 40 ամյակներին:
Գիտաժողովի մասնակիցների թվում են կոմպոզիտորի ուսանողները, անվանի երաժիշտներ և հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիա, Գերմանիա, Եգիպտոս, Լատվիա, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստան, Վրաստան: Գիտաժողովին ներկա է լինելու նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ հայտնի արվեստագետ Մոսկվայից, ինչպես նաև Արցախի և Հայաստանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասնագետները:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել Տաջիկստանի կոմպոզիտորների միության անդամ, Տաջիկստանի Թալաբխուջա Սաթորովի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Կուդրատուլլո Յախյաևը, ով եղել է Արամ Խաչատրյանի սանը: Նա նշեց, որ մեծ ուրախությամբ է մասնակցում, քանզի շատ ասելիք ունի Արամ Խաչատրյանի մասին:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում նախատեսված է նաև երաժշտական հատված, նախատեսված է նաև Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը: