People

ԽԻԶԱԽ ԿԱՆԱՅԱՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

27/01/2017
armenian female soldier

Դժվար է պատկերացնել հայ բանակն ու հայ զինվորին առանց նրանց կողքին կանգնած հայ կանանց: Մեր ազգի պատմության մեջ եղել են բազմաթիվ մարտեր, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հայ կինը միշտ քաջալերել ու ոգեշնչել է իր պաշտպանության ու խաղաղ քնի համար մարտչնող հայ զինվորին: Եղել են նաև կանայք, ովքեր իրենց ձեռքը վերցել են զենքը և նետվել պատերազմի դաշտ, որտեղ եղել են և՛ քաջ զինվոր, և՛ հոգատար մայր ու քույր, և՛ սիրելի կին:

Հայոց բանակի 25-ամյակին ընդառաջ թերթում ենք պատմության էջերը և անդրադառնում մեր ազգի խիզախ կանանց:

ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ 

http://womennet.am/wp-content/uploads/2015/02/parandzem.jpg

Փառանձեմի ամուսինը՝ Արշակ Բ-ն, պարսից արքայի նենգամիտ հրավերից խաբված՝ մեկնել էր Տիզբոն, ձերբակալվել, որից հետո անխուսափելի էր պարսկական զորքի ներխուժումը Հայաստան կանխելը, ինչը և կատարվեց 368 թվականին։ Այդ ծանր շրջանում Փառանձեմ թագուհին արիաբար իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը, զորք հավաքեց և հմտորեն կազմակերպեց դիմակայությունն օտար զավթիչների դեմ։ Դրսևորելով պետական գործչին վայել հեռատեսություն՝ նա վերցրեց արքունական գանձերը և 11 հազարանոց պահակազորով ամրացավ Արտագերս բերդաքաղաքում, որը շուտով պաշարեց պարսից Շապուհ 2-րդ արքայի 50 հազարանոց զորաբանակը։ Սկսվեց Արտագերսի պաշտպանությունը, որը, մասնագետների գնահատմամբ, հայ ռազմարվեստի նշանավոր էջերից մեկն է։ Փառանձեմ թագուհու նպատակն էր դիմակայել թշնամուն՝ մինչև օգնության կհասնեն Բյուզանդիա քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Սպասվում էր, որ վճռական պահին օգնության կգա նաև բյուզանդական զորքը։ Եվ հենց բյուզանդական աղբյուրներն են վկայում, թե ինչպիսի հմտությամբ է Փառանձեմ թագուհին կարողացել կազմակերպել Արտագերսում պաշարվածների հերոսական պաշտպանությունը, որը տևեց 14 ամիս և դեռ էլի կերկարեր, եթե բերդաքաղաքում համաճարակ չսկսվեր։ Արտագերսն ի վերջո ընկավ, բայց Փառանձեմի սքանչելի կերպարը մնաց ժողովրդի հիշողության մեջ, փառաբանվեց գրականության և երաժշտության մեջ։


ԶԱՐՄԱՆՈՒՀԻ ԹԱԳՈՒՀԻ

Զարմանուհին, որը, ճիշտ է, Կիլիկյան Հայաստանի Ռուբինյան Հեթում սպարապետի կինն էր, բայց հետո իրավամբ համարվեց Հայոց թագուհի՝ բարձրագույն իշխանությանը հատուկ բոլոր իրավասություններով։ Այդ նա էր, որ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո, կորցնելով ամուսնուն, իր Գևորգ որդու և 300 խիզախ զորականների հետ անցնում է լեռներն ու ոչ միայն հաջողությամբ պաշտպանվում թուրքերի հարձակումից, այլև գրավում Կապան բերդը, այնուհետև՝ Կոկիսոն ամրոցը` այն դարձնելով անառիկ։ Ստացվում է այնպես, որ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո լեռներում՝ մի փոքրիկ հողակտորի վրա, ավելի քան վեց տասնամյակ շարունակում է գոյատևել հայկական մի ուրույն պետականություն, որի գլուխ կանգնած էր քաջարի հայ կինը՝ Զարմանուհին:


ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ

Image may contain: 1 person, standing and outdoor

Սոսեն 13 տարեկան հասակում ամուսնացավ Խեչոյենց Սերոբի, հետագայում նշանավոր ֆիդայի Աղբյուր Սերոբի հետ ու դարձավ նրա քաջ ու անվախ զինակիցն ու զինվորը: 1899թ. Գելիգուզան գյուղում, որդու՝ Հակոբի և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, ովքեր զոհվեցին այդ մարտում) հետ զինված դիմադրություն ցույց տվեց թշնամուն` դրսևորելով մեծ խիզախություն: Վիրավոր գերվել և տարվել է Բիթլիս, սակայն շուտով ազատ է արձակվել:


ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Image

Նարինեն 1991-1992-ին մասնակցել է Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողությունների ժամանակ ազատամարտիկներին զինամթերք էր հասցրում, կատարում կապավորի դեր: Երբ անհնար է դարձել դիրքերին մոտենալը, Նարինեն իր շան վրա կապել-տեղավորել է զինամթերք և ուղարկել ազատամարտիկներին: Հակառակորդը սպանել է շանը, որից հետո 16-ամյա Նարինեն ինքն է զինամթերք հասցրել ազատամարտիկներին: Հմուտ ու համարձակ աղջիկը զոհվեց 1992թ. հունվարի 26-ին, Քարին-տակի պաշտպանության ժամանակ։ Հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի:


ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
http://aparaj.am/wp-content/uploads/2015/06/9631.jpg
Երբ սկիզբ  առավ Արցախյան շարժումը, Կարինեն տրվեց շարժմանը՝ շատերի հետ իրականացնելով ընդհատակյա աշխատանքներ: Սկզբում նա զբաղվում էր զենք-զինամթերքի գաղտնի տեղափոխմամբ: Կարինեն մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին: Բաշարաթ գյուղի ահեղ մարտերում 7 տեղից վիրավորվել է: 

ՄԵԼՍԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի պայքարել Շահումյանում` ադրբեջանցիների թիկունքում:Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրավորվել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կա: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկի մարմնում: Տեսողությունը ևս վատացել է: 
Նյութը՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.