Թատրոնի միջազգային օրը Երևանում անցավ իրական թատերական տրամադրությամբ՝ նշանավորվելով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության անցկացմամբ, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
Մրցանակաբաշխության արարողությանը նախորդած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել էր, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերում փոփոխություններ են իրականացվել: Վերականգնվել են «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերը: Ինչպես նաև երիտասարդ ստեղծագործողների միջև առկա մրցակցությունը հաշվի առնելով, որոշում է կայացվել նրանց աշխատանքները չընդգրկել «Լավագույն ներկայացում» անվանակարգում և փոխարենը ստեղծել նոր անվանակարգ՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում»:
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվեց մայր թատրոնի պատերի ներքո: Իսկ հիմա անդրադառնանք այս տարվա հաղթողներին՝
- «Լավագույն դերասանուհի»: Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար
- «Լավագույն դերասան»: Մրցանակը հանձնվեց միանգամից երկու դերասանների` Ավո Խալաթյան («Ռևիզոր» ներկայացում) և Միքայել Վաթինյան («Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրություն)
- «Լավագույն երիտասարդ դերասանուհի»: անվանակարգ: Ջեմմա Աղամյան՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար
- «Լավագույն երիտասարդ դերասան»: Նարեկ Բաղդասարյան՝ «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար
- «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»: Նորա Գրիգորյանը «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմա» ներկայացումների համար
- «Լավագույն սցենոգրաֆիա»: Մարիամ Մուրադյան և Տաթև Հովհաննիսյան
- «Լավագույն մանկական ներկայացում»: Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»
- «Լավագույն երիտասարդական ներկայացում»: Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը
- «Լավագույն պիես»: Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը
- «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»: Քնարիկ Զաքարյանը
- «Երկրորդ պլանի լավագույն դերասան»: Վահագն Գալստյանը
- Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը հանձնվեց դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:
Հավելենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Լուսանկարը՝ blognews.am