ARTLifestyle

«BONHAMS» ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

12/03/2018
feature2018

«Bonhams» բրիտանական հնագույն աճուրդի տունն իրականացնելու է ռուսական արվեստի մասնագետի այցը Երևան:

Այցը տեղի կունենա մարտի 27-ին, որի ընթացքում «Bonhams» ընկերության առաջատար փորձագետ ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն Դարյա Չերնենկոն կհանդիպի ռուսական արվեստի հայ կոլեկցիոներների հետ և կիրականացնի  գեղանկարչության, դեկորատիվ-կիրառառական արվեստի նմուշների և սրբապատկերների անվճար և կոնֆիդենցիալ գնահատում: 

Դարյա Չերնենկոյի համոզմամբ, Հայաստանում բավականին մեծ հետաքրքրություն կա միջազգային աճուրդի շուկային մասնակցելու համար. «Հայաստանն իր գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ, ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթ: Ամենահայտնի անունն, որն ասոցացվում է այս երևույթի հետ` Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր հավաքածուն հիմք հանդիսացավ Երևանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը», – նշում է ոլորտի փորձագետը:

Ընկերության մասնագետների վստահմամբ, «Bonhams» տան հաճախորդների թվում են Հայաստանի նշանավոր կոլեկցիոներները, բայց կազմակերպիչների համար նույնքան հետաքրքրական է համագործակցել աճուրդի տան նոր մասնակիցների հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ դա այն ընտանիքներն են,  որոնք սերնդեսերունդ հավաքում են 19-րդ և 20-րդ դդ. առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր,  «Faberge» և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ,  ճենապակի և ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է` կոլեկցիոներների և աճուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին: 

bonhams-point89

«Ռուսական արվեստ» ասելով աճուրդային աշխարհը հաճախ հասկանում է միայն կայսերական ու սովետական Ռուսաստանի արվեստը, սակայն այն իր մեջ ներառում է նաև նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում` հայկական, վրացական, ուզբեկական, ուկրաինական արվեստները:

«Հայկական դպրոցը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական և սովետական պատմության մեջ, – նշում է Դարյա Չերնենկոն, – Հայաստանը նվիրել է աշխարհին այնպիսի չգերազանցված վարպետներ, ինչպիսիք են` Հովհաննես Այվազյան /Իվան Այվազովսկի/, Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Եղիշե Թադևոսյան, Դմիտրի Նալբանդյան և այլ նշանավոր տաղանդներ: Այս նկարիչների աշխատանքները, որպես կանոն, ունեն մեծ աճուրդային հաջողություն», – հավաստիացնում է փորձագետը:

Հիշեցնենք, որ միջոցառումը կանցկացվի մարտի 27-ին, «ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ»  հյուրանոցում: Արվեստի այն նմուշները, որոնց սեփականատերերը կցանկանան հանել վերջիններս աճուրդային վաճառքի, կներկայացվեն հունիսի 6-ին Լոնդոնում կայանալիք «Bonhams» ռուսական արվեստի հանրահայտ աճուրդում:

Լրացուցիչ տեղեկություններ կայանալիք աճուրդների, ինչպես նաև մասնագիտացման ոլորտների վերաբերյալ ստանալու համար, առաջարկում ենք այցելել հետևյալ կայքէջը`

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.