Ժամեր առաջ ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի յոթ անգամյա չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն ժամանեց Երևան: Լեգենդար այս սպորտսմենի այցը պայմանավորված է նոյեմբերի 27-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայանալիք ՛՛Kings on Ice present Fashion on Ice” սառցե մեծ շոուով, որին իր անմիջական մասնակցությունն է ունենալու հենց Պլյուշենկոն՝ և՛ ինչպես գեղասահորդ, և՛ որպես համարների բեմադրիչ:
Օդանավակայանում ունեցած մեր կարճ զրույցի ընթացքում Եվգենի Պլյուշենկոն Point89-in հասցրեց պատմել կայանալիք շոուի մանրամասների մասին, ինչպես նաև փոքր գաղտնիք բացեց նախապատրաստվող նոր սառցե շոու-հեքիաթի մասին՝ ″Щелкунчик″, որն առաջիկայում ներկայացվելու է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Հանդիսատեսին սպասվելու է աննախադեպ լուծումներով բեմադրված շոու, որն անգամ ներառելու է 3D էֆֆեկտներ: Այն հարցին, թե արդյոք հայ հանդիսատեսը հնարավորություն նույնպես կունենա ականատեսը լինելու այդ շոուին, հայտնի գեղասահորդը պատասխանեց, որ այս այցի ընթացքում նաև վարելու է հնարավոր բանակցությունները և միգուցե ստացվի Երևանը նույնպես ներառել ″Щелкунчик″ շոուի շրջագայության ծրագրում:
Օդանավակայանից Եվգենի Պլյուշենկոն շտապում էր դեպի մարզահամերգային համալիր՝ տեսնելու սպասվող ՛՛Kings on Ice present Fashion on Ice” շոուի դեկորացիաները:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Հասմիկ Դադասյան | Point89