FASHIONFashion BusinessLatest

FASHION ՄԻԱՑՈՒՄՆԵՐ | ԻՆՉՈՒ Է ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԼԱՅՆ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏՆՈՒՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ

23/09/2017
feature2017

Մեր օրերում ավելի հաճախ ենք կարդում լրատվական աղբյուրներում նորություններ, թե ինչպես այս կամ այն ընկերությունը գնել է մրցակից ապրանքանիշը: Ի՞նչ է սա: Շուկայում գերիշխող դիրք գրավելու տարբերակ, թե՞ …

Երևույթն ավելի աչքի ընկավ, երբ նման իրավիճակում հայտնվեցին Dior և Jimmy Choo ապրանքանիշերը: Ապրիլ ամսին LVMH գրուպը 6.5 միլիարդ եվրոյով գնում է Dior ապրանքանիշը: Սա ընկերության պատմության մեջ առաջին դեպքը չէ, երբ ընկերության ապրանքանիշերի շարքերը համալրվում է լյուքսային մեկ այլ բրենդով: Մյուս մայրցամաքի վրա տեղի ունեցավ սյուժետային նմանատիպ դեպք: Ամերիկյան Coach ընկերությունը մայիս ամսին գնեց Kate Spade ապրանքանիշը՝ վճարելով 2.4 միլիարդ եվրո, իսկ Michael Kors-ը ընկերության ընտանիքն ընդլայնեց՝ գնելով Jimmy Choo ապրանքանիշը:

michael-kors-point89

Փնտրում ենք պատճառները…

Վերջին ինը տարիների ընթացքում ապրանքանիշերի զարգացումը հիմնականում իրականացվում էր սեփական խանութների ցանցի ընդլայնման և նոր շուկաների գրավման միջոցով: Բայց, արի ու տես, որ ժամանակի ընթացքում տեխնոլոգիական միջոցների առաջընթացը սկսեց թելադրել խաղի իր կանոնները՝ ապացուցելով, որ մեծ քանակությամբ խանութներ ունենալն ուղղակի անմտություն է, երբ դու կարող ես նույն վաճառքն ակտիվ իրականացնել օնլայն հարթակների կիրառմամբ:

Հետաքրքիրն այն է, որ լյուքսային բրենդերն առաջինների շարքում էին, ովքեր սկսեցին նվազեցնել խանութների քանակները և գումարներ ներդնել օնլայն վաճառքների մեջ: Եվ այս պարագայում fashion միացումները կրկնապատկում են հաճախորդների քանակը, որոնք այլ պարագայում միգուցե երբեք չխաչվեին իրարից տարբերվող ապրանքանիշերի բուտիկների մուտքի մոտ:

Պրեմիում սեգմենտում գործող երկու խոշոր խաղացողներ LVMH, PVH և Kering ընկերություններն իրենց օրինակով ցույց են տալիս նման բիզնես քայլի արդյունավետությունը: Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ որքան մեծ է ընկերությունն, այնքան քիչ ծախսեր են կատարվում մարքեթինգի և ադմինիստրատիվ աշխատանքների վրա: Էլ չենք ասում, որ ոլորտի հսկաները, որպես կանոն, դեպի իրենց են ձգում լավագույն ուղեղներին ու տաղանդներին:

Եվս մեկ պատճառ: Բիզնեսի կառավարումը և շուկայում տիրող իրավիճակը ստիպում է, որպեսզի մեծ ներդրումներ կատարող ընկերությունները կենտրոնան միայն մեկ ոլորտի վրա: Հենց մեր ասածի արդյունքն էր Jimmy Choo ապրանքանիշի վաճառքը, որը մինչև գործարքի կնքումը պատկանում էր JAB Holding ընկերությանը՝ մասնագիտացած սուրճի արտադրության և մատակարարման ոլորտում: Ընդունեք, որ բավական ծայրահեղ ոլորտների համադրություն է փորձել կատարել JAB-ը: Նույնը տեղի ունեցավ fashiоn մեկ այլ հսկայի հետ՝ Richemont հոլդինիգի, ում պատկանում է Piaget, Cartier, Van Cleef & Arpels, Baume & Mercier խոշոր ոսկերչական պրեմիում ապրանքանիշերը: Այսպես ընկերությունը մեկ օր ձեռք բերեց Shanghai Tang չինական ավանդական ոճով կարվող մետաքսե զգեստներ արտադրող ընկերությունը: Եվ միայն վերջերս, հասկանալով գործարքի աննպատակ լինելն, այն վաճառել է իտալացի ներդրողներին: Կարծիք կա, որ մեկ օր ընկերությունը նաև կվաճառի իրեն պատկանող Dunhill և Chloé ապրանքանիշերը:

jimmy-choo-point89

Ենթադրություն

Միացումները, թերևս, շուկայում գոյատևելու նոր ռազմավարություն է, որն իր հերթին անմիջականորեն սկսում է ազդել ապրանքանիշերի աշխատելաոճերի, ուղղվածության և գնային քաղաքականության վրա: Չենք զարմանա, եթե, օրինակ, որոշ ժամանակ անց, արձանագրենք, որ Michael Kors -ի ենթակայության տակ տեղափոխված Jimmy Choo ապրանքանիշը կորցնի իր էքսկլյուզիվությունը՝ դառնալով ավելի հասանելի և ապահովելով վաճառքների ավելի մեծ ցուցանիշներ:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Michael Kors ©Jimmy Choo
Աղբյուրներ՝ ©WSJ ©BOF

* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.