FEMMEJewelry & Accessories

ՖԵՐՄՈՒԱՐ. Ի՞ՆՉ Է ՍԱ

14/07/2021

Ֆրանսերեն «fermoir» բառից առաջացած այս եզրույթն ունի ամրացնել, կոճկել նշանակությունը։ Այդ է պատճառը, որ ի սկզբանե պայուսակի, դրամապանակի կամ ալբոմի վրա առկա ամրակները սկսեցին կոչել «ֆերմուար» տերմինով։

Ֆերմուար են անվանում նաև ոսկերչական վզնոցները, որոնց ամրակները զարդարված են թանկարժեք քարերով։ Սովորաբար նմանատիպ վզնոցները կազմված են լինում ուլունքների մի քանի շարքից, որոնք կենտրոնում միացվում են խոշոր ամրակով։

Նմանատիպ զարդերը Եվրոպայում լայն տարածում գտան դեռ միջնադարում։ Ոսկերիչներն իրենց վարպետությունը ցույց էին տալիս ամրակն առավել ճոխ դարձնելով՝ պատելով այն թանկարժեք քարերով և նախշազարդեր անելով։ Որպես կանոն զարդի ամրակն ավելի թանկ արժեք էր ունենում, քան ուլունքների շղթաները միասին վերցված։ Բնական էր, որ կանայք չէին ցանկանում ոսկերչական այդ գեղեցկությունը թաքցնել, ինչի արդյունքում սովորույթ ձևավորվեց այդ տեսակ վզնոցները կրել ետևի հատվածով դեպի առաջ։

Ոսկերիչների մի մասը վզնոցի այդ ամրակները շարժական տարբերակով էր պատրաստում, որպեսզի ցանկության դեպքում այն հնարավոր լինի նաև կրել որպես կրծքազարդ կամ ամրացնել այլ զարդին։

19-րդ դարում վզնոցների ֆերմուարները զարդարում էին ադամանդներով, սուտակներով, շափյուղայով։ Որքան ճոխ էր վզնոցի ֆերմուարը, այնքան բարձր էր այդ վզնոցը կրող կնոջ դիրքը։

Տարիների ընթացքում առավել հաճախ «ֆերմուար» սկսեցին անվանել պայուսակի համապատասխան ամրակները։ Որպես ոսկերչական աշխատանք, այն առավել հաճախ սկսեց հայտնվել կինոյում՝ որպես հարստության և գլամուրի խորհրդանիշ։

Ֆիլմում, թերևս, ֆերմուար կրող ամենահայտնի կերպարը Հոլլի Գոլայթլին է, որին մարմնավորել է Օդրի Հեփբերնը «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում։ Հենց այս զարդն է կրում գլխավոր հերոսուհին ֆիլմի ամենահայտնի տեսարանում, որտեղ նա, կանգնած խանութի ցուցափեղկի առևջ, մտախոհ սուրճ է խմում։

Մարգարտյա շարաններով վզնոցի հեղինակը Ռոջեր Շեմաման է՝ ֆրանսիացի ոսկերիչ, ով հաճախ համագործակցում էր haute-couture այնպիսի նորաձևության տների հետ, ինչպիսիք են Givenchy-ն, Dior-ը, Lanvin-ը և Yves Saint Laurent-ը։ Տվյալ վզնոցը կոկիկ իջնում է Հեփբերնի ուսերին և մեջքի հատվածում ընդգծում զգեստի խորը կտրվածքը։


Ի դեպ, ֆերմուարներով վզնոցների սիրահար է Անգլիայի արքայազն Չարլզի կինը՝ Կամիլա Պարկեր-Բոուլզը։ Նա վզնոցները համադրում է տարբեր զգեստների հետ և պարբերաբար կրում կարևոր արարողություններին։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.