Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառումների կազմակերպիչը ֆրանսիական ՝ «Սաթէ-Աթղը» թատերական միությունն է: Միջոցառումների շարքի գլխավոր իրադարձությունը հոկտեմբերի 13-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայանալիք «Սպանդի Աստված»-ը ներկայացման առաջնախաղն է հայերեն լեզվով, որը հնարավոր կլինի դիտել նաև ֆրանսերեն լեզվով՝ արդեն հոկտեմբերի 15-ին: Ֆրանսերեն տարբերակում կներկայանան Ֆրանսիայից և Կանադայից ժամանած դերասաններ: LOFT-ում ցուցադրվելու է Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որը բեմադրելու են երեք ռեժիսորներ:
Միջոցառումների մյուս հատվածը լինելու է վարպետության դասերի ձևաչափի մեջ: Հրավիրյալ արտիստներ Քիթ Ֆարքուարը, Մարժսլեն Օժերը, Ժորժի Բատրիկյանը և Ժերալդ Բաբազյանը վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպես նաև Տիկնիկային թատրոնում:
Ինչպես նաև «Զանգակ» գրատան հետ համատեղ պլանավորվում է Յասմինա Ռեզայի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը և վերջինիս պիեսների ժողովածուների հայերեն գրքի շնորհանդեսը:
Միջոցառումների շարքը դուրս է գալու Երևանի տարածքից՝ հասանելի լինելով նաև Գորիսում և Սևանում:
Միջոցառումների մեկնարկից առաջ կազմակերպված ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, ով իր խոսքում անդրադարձավ ֆրանսերենով և հայերենով բեմականացումների ցուցադրումների կարևորությանը: