BeautyBeauty NewsEditor's Note

FREDERIC MALLE-Ի ՕԾԱՆԵԼԻՔԱՅԻՆ COUTURE-Ը ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՄԻ ՊԱՀ ՀՆՉՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

26/07/2018
feature2018

Օծանելիքների աշխարհում վաղուց հեղափոխություն է տեղի ունեցել: Բույրերը դարձել են ոչ ստանդարտ, շուկայի ավանդական պահանջարկներից շեղվող ու դրանում իրենց մեծ ներդրումն ունեցան նիշային ապրանքանիշերը և, հատկապես, Ֆրեդերիկ Մալը:

Յուրաքանչյուր օծանելիք արվեստի գործ է: Եթե կտավի ստեղծման համար նկարիչը ստեղծում է գույների, երանգների, լույսի ու ստվերի իր ուրույն համադրությունը, պարֆյումերն անում է դա համակցելով երբեմն առաջին հայացքից անհամադրելի կամ ընդհանրապես գոյություն չունեցող բույրերը:

2000 թվականին նիշային օծանելիքների զարգացումը կատարեց զգալի քայլ առաջ և դա պայմանավորված էր գործարար Ֆրեդերիկ Մալի կողմից յուրահատուկ կոնցեպտով աշխատող օծանելիքի տան հիմնադրմամբ: Նրա բիզնես մոդելը թույլ էր տալիս օծանելիքների մեգա ընկերություններում աշխատող պարֆյումերներին հավելյալ գումար աշխատել՝ միաժամանակ ունենալով հնարավորություն առանց սահմանների ու թելադրանքի ստեղծագործելու: Նրանց աշխատանքի արդյունքներն այնուհետև շշալցվում էին և ներկայացվում հեղինակների ստորագրությամբ, ոչ թե ապրանքանիշի անվան տակ: Oծանելիքների ստեղծման ու արտադրության ոլորտի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ էր: Այս բիզնես մտահղացումը թույլ տվեց Frederic Malle ապրանքանիշի շուրջը հետաքրքրություն առաջացնել և ընկերության զարգացումը տեղափոխել նոր փուլ:

frederic-malle-point89

Ֆրեդերիկ Մալ

Ընդհանրապես այս ընկերությանը հատուկ են աննախադեպ քայլերը: Այսպես, իր գոյության 15-րդ տարում ընկերությունը գնում է ոլորտի մեգա խաղացող Estée Lauder կորպորացիան: Սովորաբար նման շահավետ բիզնես գործարքները տեղի են ունենում ավելի երկարատև պատմություն ունեցող ընկերությունների հետ, որոնք իրենց կայունությունն արդեն իսկ ապացուցած են լինում: Մյուս կողմից, ոլորտի մասնագետները մտահոգություն ունեին, որ այս գործարքից հետո, ապրանքանիշը կտրուկ կփոխի գործելաոճը, կկորեն բույրերի ստեղծման know-how ձևաչափն ու անկրկնելիությունը: Իրականում, այս գործարքը նման եղավ արվեստասերի կողմից կտավների հավաքածուն ևս մեկով համալրելուն: Frederic Malle-ը դարձավ Estée Lauder ընտանիքի անդամ, բայց չկորցրեց իր անհատական ձեռագիրը:

Frederic Malle ապրանքանիշն առաջնահերթ գնահատում է հումքի որակը և բույրերի ներդաշնակությունը: Նրա կոնցեպտը՝ բարդ համադրությունն է պարզ սրվակի մեջ: F. Malle-ի բույրերի հավաքածուի մեջ չկան կարճաժամկետ սեզոնային տարբերակներ: Օծանելիքը պետք է լինի ավելին, քան պարզապես «լավ հոտ» ասվածը:

Hermitage խանութների ցանցում ներկայացված F. Malle բույրերի ընտանիքը վերջերս համալրում ունեցավ: Վաճառքի ներկայացվեց Music For A While բույրը, ինչն էլ շարժառիթ դարձավ ինձ համար ավելի խորն ուսումնասիրել ու ծանոթանալ այս ապրանքանիշին, նրանց բիզնես ձևաչափին, գրելու այս նյութը և պատմելու նոր բույրի ստեղծման պատմության մասին:

margarita-yesoyan-point89

Ֆրեդերիկ Մալի բնութագրմամբ Music For A While-ը այն բույրն է, որի կրողի հետ դու ցանկություն կունենաս գիշեր անցկացնել: Շատ հաճախ այս կամ այն համադրություններ փորձելիս, Ֆրեդերիկ Մալը դրանք համեմատում է երաժշտության հետ և սա էլ բացառություն չեղավ: Music For A While-ի սկիզբը շքեղ էր: Ոգեշնչումը եկել էր 70-ականներից և Լուլու դե լյա Ֆալեզից. ընդգծված բնավորություն ունեցող անհատից, որը նաև չափազանց սեքսուալ է: Music For A While-ի մեջ ներառված է նաև 50-60-ականների Փարիզը, որն այլևս գոյություն չունի: Այս բույրի մեջ կարելի է պատկերացնել 1958 թվականին նկարահանված սկանդալային «Սիրեկանները» ֆիլմի կերպարներին: Սա այն առաջին ֆիլմերից էր, որում ցուցադրվել էին սիրային տեսարաններ: Տեսարաններից մեկում Ժաննա Մորոյի դերակատարուհին հաճույքներին էր տրվում՝ իր վրա կրելով մարգարտյա զարդեր և գայթակղիչ կերպով սահեցնում ձեռքերը սավանի վրայով: Եվ հենց սա դարձավ գաղափարի սկիզբը: Ինչը նաև մասնակի օգտագործվեց հետագայում օծանելիքի կոմերցիոն գովազդի մեջ:

music-for-a-while-point89

Բույրի անունը ծնվեց այն ժամանակ, երբ Ֆրեդերիկ Մալը գտնվում էր Լոս Անջելեսում և լսում էր ֆրանսիական դասական երաժշտության մասին մի հաղորդում: Հաղորդման ընթացքում հնչեցվում է Հենրի Պերսելլայի ″Music for a While″ ստեղծագործությունը: Այն գրվել էր 17-րդ դարում, բայց շատ ժամանակակից հնչեղություն ուներ և համահունչ էր ստեղծված բուրային համադրությանը: Այն սկզբում թարմություն է պարգևում, այնուհետև հասունանում է, և վերջինս կրելիս այն կարծես վեր է հանում քեզ: Այս ամենը կարելի է, թերևս, համեմատել ակնհայտ գայթակղության հետ:

music-for-a-while-point89

Ընդհանրապես, Frederic Malle հավաքածուի մեջ ներառվող բոլոր բույրերը սկիզբ են առնում որևէ գաղափարից կամ կոնկրետ բաղադրիչից: Սկզբում բաղադրիչների համադրումն իրականացվում է բանավոր կերպով, այնուհետև արվում են էսքիզներ, ինչպես օրինակ ճաշացանկ կազմելիս, և վերջում արդեն մատուցվում է բուն «ուտեստը»: Music For A While-ի պարագայում պարֆյումերային շեֆ խոհարար Կառլոս Բենաիմը (Carlos Benaim) ստեղծել է հետևյալ բաղադրատոմսը: Համադրության առաջին նոտաների մեջ կիտրոնն է, մանդարինը և նարինջը: Այնուհետև դուք կզգաք նարդոս, պաչուլի և վանիլ: Թարմության վերջնական կաթիլը ապահովում է արքայախնձորը:

Frederic Malle Music for a While-ի բույրին և ապրանքանիշի ամբողջական հավաքածուին կարող եք ծանոթանալ Hermitage խանութների ցանցում:

frederic-malle-point89

music-for-a-while-point89

Նյութը՝ ©Point89 | Margarita Yesoyan
Լուսանկարները՝ ©Point89 / Frederic Malle 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել