LifestyleMusic

ՀՈՒՆԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿԻԹԱՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

20/06/2017
feature2017

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Երևանում արդեն երրորդ անգամ կանցկացվի կիթառի միջազգային փառատոնը: 

Փառատոնին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Կիթառի միջազգային փառատոնը լավագույն առիթը կլինի ժամանակակից կիթառի դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու համար:

Միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիանները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնի պաշտոնական մեկնարկից առաջ Արցախում՝ Գանձասարի Մատենդարանում հունիսի 27-ին կկազմակերպվի համերգ, որի ընթացքում Ժորա Սարգսյանի հետ մեկտեղ ելույթ կունենա ֆրանսիացի կիթառահար Ագուտին Պեսնոնը: Ագուտին Պեսնոնը Paris Guitar Foundation-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր:

Այս կազմն ելույթ կունենա նաև փառատոնի բացման համերգին, որը կկայանա հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Image may contain: 4 people

Առաձնակի կարևորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը՝ փառատոնի շրջանակներում միջոցառումներ տեղի կունենան նաև Երևանից դուրս:

Հուլիսի 1-ին Ջերմուկում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), ինչպես նաև Հասմիկ Ասատրյանը (վոկալ/Հայաստան): Համերգը տեղի է ունենալու Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողության շրջանակներում:

Հուլիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես կգա Վլադիմիր Կիրասիրովը (կիթառ/Ռուսաստան): Վերջինս Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս է:

Հուլիսի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կանցկացվի փառատոնային հաջորդ համերգը: Ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն (Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), Գեորգի Կուձանաշվիլին (Վրաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա 20 կիթառահար, ինչտ բացառիկ երևույթ է տարածաշրջանում:

Փառատոնի փակումը կնշանավորվի յուրահատուկ համերգ-երեկոյով: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հուլիսի 9-ին հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան), Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (Ռուսաստան), Արիկ Բամբիրը (Հայաստան), Վահագն Մարգարյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Հայաստան), Պերճ Նահապետյանը (Հայաստան):

Փառատոնի ընթացքում ներկայացվելու են ամենատարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնի ծրագիրը բազմատեսակ է, ինչով և հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար:

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Այսպես՝ հունիսի 30-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը, իսկ հուլիսի 6-ին ՀԲԸՄ դահլիճում վարպետության դաս կանցկացնի Վլադիմիր Կիրասիրովը:

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

Point89.am-ը, հանդիսանելով փառատոնի ինֆորմացիոն գործընկեր, կտեղակացնի փառատոնի ընթացքի մասին, ինչպես նաև խորհուրդ ենք տալիս հետևել փառատոնի ֆեյսբուքյան էջին՝ Yerevan Guitar Fest

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.