Books

ԿՈՄԻՏԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ ԶԵՏԵՂՎԵԼ ԵՆ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

17/02/2020

«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» աշխատության մեջ մեկտեղված են Կոմիտասի՝ Պոլսում և հարակից գավառներում, ինչպես նաև Եգիպտոսում ծավալած գործունեության առաջին շրջանի մասին արևմտահայ օրաթերթերի և պարբերաթերթերի արձագանքները:

Գիրքը լույս է տեսել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ: Գիրքը կազմել է ֆրանսահայ երաժշտագետ Արմինե Գրիգորյանը։

«Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականը բնականաբար այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց, այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցները: Եթե խոսենք հեղինակային հոդվածների մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ արձակագիր Տիգրան Կամսարականը գրել է մի հոդված, որը հրատարակվել է չորս անգամ: Մի խոսքով՝ հոյակապ գրություններ կան»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Նա պատմեց, որ Կոմիտասի՝ Պոլսում կայանալիք առաջին համերգի ժամանակ պատրիարքարանից հրահանգ է եկել, որ առաջին բաժինը, որում պետք է եկեղեցական երաժշտություն հնչեր, չպետք է կատարվի, որովհետև չասված և չտեսնված երևույթ էր եկեղեցական երգերն ու շարականները աշխարհիկ բեմում ներկայացնելը: «Բազմաթիվ վեճեր են սկսվել, դեմ ու կողմ կարծիքներ են հնչել, տարբեր մեկնաբանություններ են եղել թեմայի շուրջ: Այդ ամենը մամուլում ներկայացված է: Կյանքը կենդանանում է, երբ ուսումնասիրվում են մամուլի հրատարակությունները: Շատ բան է բացահայտվում, և ժամանակաշրջանը շոշափելի է դառնում»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով աղբյուրներին՝ նա շեշտեց, որ թուրքական արխիվներում գրեթե ինֆորմացիա չկա, անգամ որևէ մամուլի արձագանք, թարգմանություն չկա: «Երբ Կոմիտասը գնում է Եգիպտոս, տեղի մամուլի արձագանքները՝ արաբերեն թերթերի գրությունները, մեծամասամբ թարգմանվել են, իսկ Պոլսի և Իզմիրի թուրքական մամուլից՝ ոչ մի թարգմանություն: Այդ առումով շատ աշխատանք կա անելու, քանի որ մենք պետք է իմանանք, թե նրանք ինչ էին մտածում, ինչ էին զգում: Իհարկե, Կոմիտասը երկրպագուներ ունեցել է, օրինակ՝ իշխան Մեջիդը, որը նկարիչ էր, արվեստագետ, սքանչացած էր Կոմիտասով և բազմիցս նրան հրավիրել է իր պալատ, բայց դա բավարար չէ, պետք է մամուլի կարծիքն իմանալ»,-ընդգծեց Արմինե Գրիգորյանը:

Նա խոստովանեց, որ գիրքը կազմելը բավականին բարդ էր, քանի որ երկար ժամանակ է պահանջվել ծանոթագրությունների համար:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.