ARTLifestyle

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

21/03/2018
feature2018

2007թ.-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: 

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում: 

Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 , Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին: 

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ: Մրցույթն անցկացվելու է հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:

Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են բազմաթիվ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից: Բոլոր մասնակիցներին տրվելու են խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ:Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի մանկական և երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը: 

Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 5- ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն: 

Կարդալ նաև

Մեկնաբանել