FASHIONFashion NewsMade in Armenia

ՍԵՎ ՏԵՆԴ | ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ 2021 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

18/03/2020

Ոչ սովորական նուրբ, շքեղ և միևնույն ժամանակ զուսպ կերպարով…

Ծանոթացե՛ք Սիրանուշ Հակոբյանի հետ, նա նկարիչ ոճաբան է, հեղինակային ձեռագործ աքսեսուարների «Siranush Hakobian» ապրանքանիշի հիմնադիրն է, ով ստեղծում է յուրօրինակ ձեռագործ աքսեսուարներ`միահյուսելով գաղափարը,ձեռագործ արվեստը, կաշվեգործության արհեստի յուրահատուկ մշակումները և հմտությունները։ «Siranush Hakobian» ապրանքանիշի նմուշները կրում են այն կանայք, ովքեր սիրում են տարբերվել, ովքեր գնահատում են նրբագեղությունը, որակյալը, ովքեր սիրում են ընդգծել իրենց անհատականությունը։

Ապրանքանիշը 2007 թվականից զբաղվում է կաշվե բնական աքսեսուարների թողարկմամբ: Եթե դիտեք մեր նախորդ հրապարկումն այս դիզայների աշխատանքների մասին, կտեսնեք, որ ձեռագիրը մնում է նույնը, սակայն յուրաքանչյուր մոդել սեզոն առ սեզոն ստանում է իրեն բնորոշ, չկրկնվող ձևակերպումը։

Այսօր ապրանքանիշն առաջարկում է լայն տեսականի, տարբեր նախասիրություն ունեցող կանանց համար: Ապրանքանիշը թողարկել է աշուն – ձմեռ 2021 սեզոնի «Սև տենդ» անվանումը կրող դասական հավաքածուն՝ օրիգինալ կատարմամբ։

Հավաքածուն ներառում է ամենօրյա, գործնական, ճանապարհորդական և երեկոյան նմուշներ։ Պայուսակներին լրացնում են բրենդի կողմից թողարկվող մետաքսյա և քաշմիրե շարֆերը, գոտիները, կրծքազարդերը, թևնոցները` դարձնելով կերպարն ամբողջական։ Հավաքածուի ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հայկական քանդակագործական զարդարվեստի պատմական նմուշները:


Հեղինակը օգտվել է լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի #oldarmeniandoors լուսանկարների շարքից: Հեղինակը գրագիտորեն համադրել է բնական թավիշը և արքայական մուգ կանաչը, իսկ զարդամոտիվներին նոր շունչ է տվել հյուսքի տեխնիկայի, մարաշի ասեղնագործ տեխնիկայի օգնությամբ` պահպանելով ավանդականը և միևնույն ժամանակ այն մատուցելով ժամանակին համապատասխան։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.