PeopleStyle Icons

STYLE ICON | ՋԻՆ ՀԱՐԼՈՈՒ

10/03/2017
jeanharlow

Նորաձևությունն երբեք չի զարգացել ինքնուրյուն: Այս կամ այն հագուստը կամ ընդհանուր ոճը նորաձև դարձնելու համար մշտապես պետք է եղել մեկը, ով այդ ոճը կդարձնի հանրորեն ճանաչելի: Հաճախ հենց այդ մարդու անվան հետ են այսուհետ կապելու ու ասոցիացնելու այդ ոճը: Երբեմն էլ հիշելու են անունը՝ առանց գաղափար ունենալու, թե իրականում ով էր այդ մարդը:

Վերջին ասվածն առավել քան համապատասխանում է Ջին Հարլոուին (Jean Harlow): Մենք անձամբ ճանաչում ենք շատ քիչ մարդկանց, ով երբևէ դիտել են նրա մասնակցությամբ որևէ ֆիլմ: Բայց նրա ոճն ու կերպարը հայտնի են նորաձևության գրեթե բոլոր սիրահարներին: Պլատինե երանգի վարսեր, վառ շրթներկ, ամբողջությամբ մաքրված հոնքեր, որոնց փոխարեն մատիտով նկարված էր բարակ կորագիծ և, իհարկե, ճերմակ զգեստ: Եթե դուք հիմա մտածեցիք, որ մեր նկարագրած ոճն իրականում Մերլին Մոնրոյի շնորհիվ է դարձել հայտնի, ապա շտապում ենք ասել, որ Մերլին Մոնրոն, լինելով Հարլոուի մոլի երկրպագուհի և երազելով խաղալ նրա մասին կենսագրական ֆիլմում, իրականում կրկնօրինակում էր Ջինի ոճը:

Սխալ կլինի ասել, որ նա հիանալի դերասանուհի էր: Նրա հաջողության գրավականը նրա գրավչության ու սեքսուալության մեջ էր: Խնդրում եմ ուշադրություն դարձնել ″գրավչություն″ բառին, քանի որ գեղեցկությամբ նա նույնպես չէր փայլում: Նրան չէիր համեմատի Գրետա Գարբոի կամ Մարլեն Դիտրիխի հետ: Նրա դիմագծերը կոպիտ էին՝ դնչի վրա առկա փոսիկով, սառը աչքերով ու տգեղ ժպիտով: Սակայն ժամանակի ընթացքում նա սկսում է ներկայանալ ″արհեստական″ գեղեցկության շղարշի ներքո և դառնում ոճի էտալոն:

Image result for jean harlow

Նա տղամարդկանց խենթահան էր անում իր անթերի կազմվածքով, կանացի ցածր ձայնով ու զգայականությամբ: Այս երեք առավելությունները նա դարձրել էր դերասանական խաղի նոր գործիք, իսկ էլ ավելի ընդգծելի դառնալու համար նրան աջակցում էին Հոլլիվուդում բավական հայտնի հագուստի դիզայներներ Ադրիան և Էդիթ Հեդը: Զգալով Ջին Հարլոուի ճկունությունը և նրբագեղությունը՝ նրանք ընդգծեցին նրա կազմվածքը ծորուն սպիտակ և արծաթագույն զգեստներով, որոնց փեշերն ունեին թեք կար: Արծաթագույն և սպիտակ մետաքսյա փայլուն հյուսվածքն աննկարագրելի սազում էր դերասանուհուն՝ ստեղծելով ճենապակյա մաշկի տպավորություն: Արծաթի և սպիտակի երանգներն իդեալակապես համադրվում էին նրա պլատինե գույնի մազերի հետ: Հենց այս ոճի զգեստն այսուհետ կդառնա դերասանուհու այցեքարտը:

Image result for jean harlow

Թեք կարի կիրառմամբ զգեստի առաջին հեղինակը դիզայներ Մադլեն Վիոնեն է, սակայն մինչև Ջին Հարլոուի կողմից այդ ոճի տարածումը, շատ քչերը գիտեին վերջինիս մասին: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերձակ կասի, որ նման ձևածքով զգեստ կրելու համար պետք է ունենալ, իրապես, անթերի կառուցվածք: Ջին Հարլոուն այդ զգեստին ՛՛համապատասխան″ լինելու համար զբաղվում էր սպորտով և հաճախ դիետա պահում՝ սնվելով միայն մրգերով և բանջարեղենով:

Այդ զգեստի տակից հնարավոր չէր ներքնազգեստ կրել և Ջին Հարլոն հաճախ ոչինչ չէր կրում՝ միայն զգեստը և բարակ ոսկյա ապարանջանը դաստակին: Այս փաստն ավելի էր բորբոքում տղամարդկանց երևակայությունը: Քայլելուց մետաքսյա կտորից կարված զգեստը ընդգծում էր մարմնի բոլոր կորությունները: Նման զգեստով շատ դժվար էր նկարահանվել, քանի որ նկարահանումները ժամային տեսանկյունից երկար էին տևում, իսկ բնական մետաքսի կտորը՝ շատ շուտ ճմրթվում: Բացի այդ, զգեստը հանել հնարավոր չէր, այն կարվում էր հենց դերասանուհու վրա: Հասկանալով վերը նշված խնդիրները Հոլլիվուդում ստեղծեցին leaning-board ասածը՝ տախտակ, որը նախատեսված էր այն դերասանուհիների համար, ովքեր կրում էին բարդ զգեստներ կամ վարսահարդարում և նկարահանումների դադարներին հանգստանալիս պետք է պահպանեին նախնական տեսքը:

Image result for jean harlow

Ի դեպ, ունենալով բավական փարթամ կուրծք Ջին Հարլոուն անգամ այլ զգեստներ կրելիս նախապատվություն չէր տալիս կրծքկալ կրելուն:

Օրեցօր աճող ճանաչելիության հետ մեկտեղ արագընթաց փոխվում էր Ջին Հարլոուի արտաքինը: Հովարդ Հյուզիի ֆիլմում նկարահանվելը կտրուկ փոփոխություններ մտցրեց նրա արտաքինի մեջ: Ճակատային հատվածը տեսողական ավելի լայնացնելու համար դերասանուհու մազերը շատ ուժեղ գունաթափեցին, ինչից հետո նրա երկրպագուհիներն ԱՄՆ-ում շտապեցին ձեռք բերել քիմիական միջոցներ նման երանգի մազեր ստանալու համար և փոխարենը միայն վնասեցին և վառեցին մազափնջերն ու գլխամաշկը: Սա էր գեղեցկության գինը: Մինչ դեռ Ջին Հարլոուն յուրաքանչյուր 10 օրը մեկ թարմացնում էր մազի գույնը, քիմիկան միջոցներով ալիքներ ստեղծում: Շշուկներ էին շրջանառվում, թե նրա մահվան պատճառը բոլոր այդ քիմիական նյութերից թունավորվելն էր, իսկ նա մահացել էր 26 տարեկան հասակում, մահվան պատճառը՝ արյան վարակում: Նկարահանող խումբն ու այդ ժամանակյա ոճաբանները Հարլոուի հոնքերը համարեցին ծանր և տգեղ, ինչի արդյունքում ամբողջությամբ սափրեցին և նկարեցին մատիտով այն ձևով, ինչպիսին պատկերացնում էին:

Ջին Հարլոուի դիմահարդարման հետ անմիջականորեն կապված է Մաքս Ֆակտորի անունը, ով աշխատում էր կինոստուդիայում գրեթե հիմնադրման օրվանից և ով մշտապես մասնակցում էր աստղային նոր կերպարների ստեղծմանը: Այն դիմահարդարումը, որը կիրառվում էր Ջին Հարլոուի կերպարի համար, մեր օրերում բավական կոպիտ է և արհեստական: Իսկ այն ժամանակ նման դիմահարդարումն այնքան նորաձև էր դարձել, որ ամսագրերը առանձին խորագրերի ներքո ներկայացնում էին Ջին Հարլոուին և նրա զգեստապահարանը: 

Related image

Դերասանուհու կերպարը դարձել էր եկամուտ ստանալու աղբյուր: Այսպես, օրինակ, Հովարդ Հյուզին բացել էր ՛՛Պլատինե շիկահերը՛՛ ակումբների ցանց, որտեղ տաս հազար դոլար մրցանակ էր սահմանել այն դիմահարդարի համար, ով կկարողանա ստեղծել Ջին Հարլոուի վարսերի երանգի մազի ներկ: 

Հետագայում նրա կերպարը կկրկնօրինակեն լուսանկարիչները և դիզայներներն իրենց աշխատանքներում:

Image result for jean harlow

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել