LifestyleMusic

ԱՇԽԱՐՀԻ ԱԿԱՊԵԼԱ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11/04/2019

Ապրիլի 29-ին ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարվի «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի հոբելյանական 20-րդ տարվա մեկնարկը:

Հիսուն տարվա պատմություն և 5 Grammy մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: «The Swingles»-ները Շառլ Ազնավուրի, Էդիթ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:

Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «The Swingles» նորարարական և վիրտուոզ երգեցողությանն անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Իեհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Երևանում խումբը հանդես կգա «Look Back (ForWard)» ծրագրով, որը հետհայացք է «The Swingles»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներին  և ավելին:

The Swingles

«The Swingles»-ի երգացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:

«The Swingles»-ն արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները՝ հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը: Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «The Swingles»-ի չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:

Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր «Լոնդոնյան ակապելա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։

«Երևանյան Հեռանկարներ»-ը նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝ երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծելով նախկինում նմանը չունեցող միջավայր:

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.