ArmenianTaraz

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ | ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԶԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

03/12/2016
տարազ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: 

Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:

Արևմտյան Հայաստանում տարազն աչքի էր ընկնում առավել ճոխությամբ,ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները: Վերջիններս աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա էին թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում: Կրել են բարձրարվեստ զարդեր, որոնք ամբողջացրել են տարազային համալիրը:

Մեր այս անդրադարձը կլինի Վասպուրականի տարազին, որի ընդգրկող շրջաններից էին Շատախը, Վանա լճի շրջակայքը, Մանազկերտը, Սասունը: Վասպուրականցի կանացի տարազը ունեցել է երկու տարբերակ. առաջինը եղել է ավանդական տարազը, որը տարածված է եղել Վասպուրականի գավառներում, իսկ երկրորդը՝ առաջին տարազի կատարելագործված ձևն էր, որն արդեն մշակվել էր 19-րդ դարում՝ Վան քաղաքում:

Վասպուրականի շրջանի տարազի հիմնական մասերից էր վերնազգեստը, որը կարվում էր մանիսա կտորից, վիզը կիսաշրջանաձև էր և մեջտեղից ճեղքված:  Վերնազգեստի տարբեր մասերից կցվում էին եռանկյունաձև և ուղղանկյունաձև  ընդհանուր 6 չաբուխ կոչված կտորներ: Թևքերն ուղիղ էին, թևքաբերանը` նեղ և ճեղքված:  Օձիքը նեղ էր, կողքերում գրպանաճեղքով: Վասպուրականի կանանց վերնազգեստի քղանցքը, ճեղքերը, աջ ու ձախ փեղկերը զարդարվում էին կարմիր և կանաչ գույնի տրեզով: Տակից հագնում էին շիլա կտորից կարված շապիկ, որի կրծքի բացվածքը հասնում էր մինչև գոտկատեղ և կոճկվում անրակի վրա մեկ կոճակով: Հագուստը կազմված է զգեստից, չուխայից, ասեղնագործ գոգնոցից՝ խաչկար կարատեսակով, պատկերված են երկրաչափական զարդանախշեր, չոմբարից, որի վրա պատկերված է  կենաց ծառ: Գլխազարդը ունի հատած գլանի տեսք և զարդարված է մետաղե զարդերով: 

Նշենք, որ ասեղնագործ բանվածքը բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կա նաև Վասպուրականի կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:


Նյութը՝ Անի Ռակոբյան՝ «Տերյան Մշակութային Կենտրոն»-ի աջակցությամբ
Լուսանկարները՝ ©Point89 | Անի Ճաղարյան
Լուսանկարահանման համար կիրառված տարազները ոճավորվել են  «Տերյան Մշակութային Կենտրոն»-ի կողմից
Մոդել: Արուս Կարախանյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

Կարդալ նաև

Մեկնաբանել