EXPERT VIEW

Ի՞ՆՉ Է ԳՈՐԾԱՏՈՒՆ ՓՆՏՐՈՒՄ ՔՈ ՍՈՑ․ ԷՋԵՐՈՒՄ

02/06/2020

Սովորաբար սոցիալական կայքերում մեր հրապարակումներն են դերակատարում ունենում, թե արդյոք էջի հետևորդների քանակը կավելանա, թե՞, ընդհակառակը, կնվազի: Սակայն մեր օրերում մեզանից յուրաքանչյուրի սոց․ էջերը նաև իրենց դերակատարումն են ունենում, թե ինչ տպավորություն կձևավորի մեր մասին մեր ապագա գործատուն:

Ասածս, գուցե, ոմանց համար նորություն կլինի, իսկ ոմանց համար՝ ոչ, բայց այսօր բազմաթիվ գործատուներ և ընկերությունների կադրերի համալրման գծով պատասխանատուներ՝ recruiter-ները, ինքնակենսագրականներին զուգահեռ ուսումնասիրում են նաև դիմորդների էջերը սոց. կայքերում: Եթե նախորդ նախադասության մեջ ասվածին անլուրջ վերաբերեցիք, ապա շտապում եմ ասել, որ և՛ համաշխարհային պրակտիկայում, և՛ Հայաստանում շատ են դեպքերը, երբ դիմորդին մերժել են կամ ընթացք չեն տվել CV-ի դիտարկմանը՝ սոց. կայքի էջում առկա կոնտենտի պատճառով: Դեպքերի օրինակների մասին կպատմեմ մեկ ուրիշ, իսկ այսօր թեման այլ է։

Ի՞նչու են ստուգում և ի՞նչ են փնտրում։

Նման վիրտուալ «լրտեսության» կարող են դիմել տարբեր ոլորտի գործատուներ: Սա արվում է դիմորդի մասին առավել շատ ինֆորմացիա ստանալու և մինչ հարցազրույցին հանդիպելը որոշ չափով ծանոթանալու համար:

Գործատուն կամ ընկերության recruiter-ն ակնկալում են դիմորդի էջում տեսնել՝

1. Ինքնակենսագրականում նշված որակավորումների որոշակի հավաստիացումներ: Պարզ օրինակ՝ եթե CV-ում նշում եք անգլերենի կամ ռուսերենի գերազանց իմացության մասին, բայց տվյալ լեզվով գրված Ձեր ֆեյսբուքյան մի շարք հրապարակումների մեջ կան քերականական լուրջ սխալներ, սա արդեն կասկածի տակ է դնում «գերազանց» իմացության փաստը:

2. Դիմորդի համապատասխանությունն իր մասնագիտական կարգավիճակին:

3. Վերաբերմունքն առ տվյալ անձը՝ ուսումնասիրելով վերջինիս հրապարակումների տակ առկա մեկնաբանությունները:

Ի դեպ, որոշ հաստիքների դեպքում, սոցիալական կայքերում էջի բացակայությունը կամ պասիվ էջի առկայությունը նույնպես կարող է բացասական արդյունք ունենալ: Այսպես՝

1. Ռուսական հայտնի «сапожник без сапог» արտահայտության տրամաբանությամբ՝ SMM մասնագետի դեպքում սոցիալական կայքերում ակտիվության բացակայությունը միանշանակ բացասական տպավորություն է թողնում: Նույնը վերաբերում է վերջերս շատ թրենդային ու պահանջարկ ունեցող Insta-դիզայներներին. Եթե չգիտեք՝ վերջիններս նախագծում են բրենդերի, ընկերությունների կամ բլոգերների Instagram էջերի վիզուալ դիզայնի կոնցեպտը /լուսանկարների գունային գամմա, հրապարակման հերթականություն/՝ այդ էջերն առավել ակնահաճո դարձնելու համար հետևորդներին: Insta-դիզայներների անձնական Instagram էջը, թերևս, նրանց լավագույն այցեքարտը կարող է լինելը։

2. Բոլոր այն հաստիքների համար, որոնց պարագայում առանցքային է մարդկանց հետ ակտիվ շփումները, կապերի լայն շրջանակը, հաղորդակցման հմտությունները, ինչպես օրինակ՝ բրենդ մենեջեր, հանրային կապերի մասնագետ, վաճառքի մենեջեր և այլն։ Այս մարդկանց դեպքում ունենալ փակ սոցիալական էջեր կամ բաց էջի առկայության դեպքում՝ այլ օգտատերի կողմից ակտիվության պակասություն, կրկին բացասական տպավորություն է թողնում։

Գործատուն ուշադրություն է դարձնում նաև սոց․ կայքերի հրապարակումների բովանդակությանը։ Փորձել եմ առանձնացնել խնդրահարույց կոնտենտի տեսակը, որը այս կամ այն պարագայում կարող է ազդել գործատուի կողմից դրական կարծիքի ձևավորման վրա։ Այսպես՝

  1. Հրապարակումներ, որոնցում առկա է նախորդ գործատուի վերաբերյալ կոնֆիդենցիալ կամ ընկերության ներքին խոհանոցին վերաբերող այլ ինֆորմացիա։
  2. Հրապարակումներ կամ մեկնաբանություններ, որոնցում առկա է սեռի, կրոնի, ռասայական խտրականության բովանդակություն կամ չափից շատ ագրեսիա։
  3. Նախորդ աշխատավայրից աշխատանքային ժամին արված բազմաթիվ լուսանկարներ կամ story-ներ։ Ընդ որում, սա խնդրահարույց է, եթե տվյալ մարդու աշխատանքը փոխկապակցված չէ սոց․ կայքերի հետ։
  4. Հրապարակումներ, որոնք վկայում են դիմորդի կողմից խմիչքի նկատմամբ առկա հետաքրքության մասին։ Բնականաբար սա չի վերաբերում, օրինակ, խմիչքի մասին մասնագիտական ուղղության նյութեր հրապարակելուն։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.