EXPERT VIEW

ՀԵՌԱՀԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ։ ԱՌԿԱ ԹՅՈՒՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ

11/04/2020

Ինչ խոսք, այսօր Հայաստանում գործատուների մեծ մասն անցել է հեռահար աշխատանքային գրաֆիկի, սակայն, նախկինում չունենալով նմանատիպ փորձառություն, և՛ գործատուն, և՛ աշխատակիցն առերեսվել են մի շարք թյուրըմբռնումների, որոնք հիմնականում վերաբերում են աշխատանքային կարգապահությանը, և որոնց ցանկացա անդրադառնալ։

Անհրաժեշտ համարեցի խոսել այս թեմայից, քանի որ պարբերաբար նամակներ եմ ստանում միջին բիզնեսի ոլորտի ընկերությունների աշխատակիցներից և ստորաբաժանումների պատասխանատուներից: Այսպես ՝

Հեռահար աշխատանքի անցնելիս գործատուն պարտադիր պետք է հստակեցնի աշխատանքային ժամերը՝ հաշվի առնելով աշխատանքային անհրաժեշտությունը՝ անգամ ամրագրելով ընդմիջման ժամը։ Ինչո՞ւ է սա կարևոր՝

1․ Երբ աշխատակիցներից յուրաքանչյուրն աշխատանքային օրը կազմակերպում է իր իսկ հայեցողությամբ, գործատուն մասնակիորեն կորցնում է վերահսկողությունը թիմի նկատմամբ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել հեռահար աշխատանքի արդյունավետության նվազեցմանը, ստորաբաժանումների միջև փոխկապակցված աշխատանքային գործընթացների խափանմանը և այլն։

2․ Աշխատակցի մոտ կարող է ձևավորվել թյուր կարծիք, թե հեռահար աշխատանք = ազատ գրաֆիկով աշխատանք։ Իհարկե, այս մոդելը նույնպես գոյություն ունի, բայց յուրաքանչյուր գործատուն ինքն է ամրագրում այդ կարգը՝ ըստ ընկերության կարիքների։

3․ Հեռահար աշխատանքի դեպքում ամրագրելով անգամ ընդմիջման ժամը՝ գործատուն այդպիսով թույլ է տալիս իր աշխատակցին տվյալ ժամանակահատվածում պարզապես բացակայել կորպորատիվ կապի միջոցներից, հարթակներից և, թեկուզ տան պայմաններում է կազմակերպվում աշխատանքը, բայց աշխատակցին տալ լիարժեք ընդմիջման հնարավորություն։

4․ Ամրագրելով հեռահար աշխատանքի ժամերը՝ գործատուն նաև ինքն իր համար է կարգապահական կանոն սահմանում։ Կետ 2-ում ես ասեցի, որ աշխատակիցը երբեմն հեռահար աշխատանքը պատկերացնում է որպես ազատ գրաֆիկով աշխատանք։ Այդ երևույթի հակառակ դրսևորմանն էլ կարելի է ականատես լինել գործատուի մոտ՝ հեռահար աշխատանք = անդադար աշխատանք։ Գործատուն կարող է առանց սուր անհրաժեշտության հանձնարարականներ տալ և գործնական նամակագրություն վարել անգամ երեկոյան ուշ ժամին, ինչն աշխատանքային էթիկայի տեսակետից անթույլատրելի է, աշխատակցի համար՝ անհարմար և շատ հաճախ անընդունելի, իսկ գործատուի համար՝ վտանգավոր՝ գործատուի պրոֆեսիոնալիզմը մեծ կասկածի տակ դնելու տեսանկյունից։

Ի՞նչ եմ ես խորհուրդ տալիս աշխատանքային ժամերը ամրագրելու առումով։

  • Թող աշխատանքային օրը սկսվի սովորականից 1 կամ 1,5 ժամ ուշ, եթե աշխատանքի ոլորտը, իհարկե, դա թույլ է տալիս։
  • Ընդմիջման ժամը, նույն տրամաբանությամբ, ամրագրել սովորականից 1 ժամ ուշ։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.