Yerevan Jazz Fest 2016 փառատոնի 2-րդ օրն անցավ մի փոքր անսովոր ֆորմատով: Օրակարգում «Մայլզ Դևիս» (Miles Ahead) ֆիլմի դիտումն էր «Մոսկվա» կինոթատրոնում, որի շարունակությունն եղավ Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բացօթյա ջազ համերգը:
Ցանկանում ենք անդրադառնալ հենց «Մայլզ Դևիս» (Miles Ahead) ֆիլմին: Ֆիլմի ռուսերեն տարբերակի վերնագիրը ներկայացվեց որպես «Убить трубача» (Սպանել շեփորահարին), որն առավել հստակ պատկերացում է տալիս ֆիլմի սյուժեի վերաբերյալ:
Լեգենդար ջազ երաժշտի դերը կատարում է Դոն Չիդլը (Don Cheadle), ով նաև հանդես է եկել որպես ֆիլմի ռեժիսյոր և սցենարիստ: Ֆիլմը ներկայացնում է Մայլզ Դևիսի կյանքի այն դրվագը, երբ 1979 թվականին նա հանդիպում է հայտնի ″Rolling Stone″ ամսագրի լրագրող Էվան ՄքԳրեգորին: Երկարատև ստեղծագործական լռությունից հետո լուրեր են սկսում պտտվել, թե ոգեշնչանքի աղբյուրը կորցրած Մայլզ Դևիսը պատրաստվում է վերադառնալ և հանրությանը ներկայացնել ձայնագրությունների նոր հավաքածու: Էվան ՄքԳրեգորի փորձերը հարցազրույց կորզել ջազմենից վերածվում են թմրանյութերի առք ու վաճառքի պայամանավորվածությունների, հանգեցնում ձայնագրության գողության, ձայնագրող ″Columbia″ ընկերության հետ անդադար վեճերի և այդ ամենի ֆոնի վրա Մայլզ Դևիսը մտովի վերադառնում է անցյալ, նրա աչքի առաջ մշտապես անցնում են իր և Ֆրենսիս Թեյլորի համատեղ կյանքից դրվագներ ու հիշողություններ: Թե ինչ հանգուցալուծում են ստանում դեպքերը, չենք ներկայացնի՝ ֆիլմն առավել մեծ հետաքրքրությամբ դիտելու համար: