LifestyleMusicUncategorized

ՅՈՒՐԻ ԲԱՇՄԵՏԸ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

10/10/2018
feature2018

Երևանյան Հեռանկարներ 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ միասին:

«Ալտի արքա, աշխարհի խոշորագույն ապրող երաժիշտներից մեկը», ըստ The Times պարբերականի, հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Յուրի Բաշմետին և Grammy մրցանակակիր Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախմբի համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի:

Դարաշրջանի ֆենոմեն հանդիսացող Բաշմետը հաղորդել է ալտ երաժշտական գործիքին նոր կարևորություն և դարձրել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոիզտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել հատուկ նրա համար:

bashmet-point89

Բազմատաղանդ երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի երկակի դերում։

Բաշմետի միջազգային ճանաչումը սկսվեց 1976 թ-ից, երբ հաղթեց Մյունխենի ալտի միջազգային մրցույթում։ Այս կարևոր իրադարձությունից հետո նա հանդես է եկել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Բեռլինի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Թագավորական Կոնսերտգեբաու նվագախումբը, Բոստոնի, Չիկագոյի և Մոնտրեալի սիմֆոնիկ նվագախմբերը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկը, ինչպես նաև Լոնդոնի ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերը։  

Բաշմետը ձայնագրել է նշանակալից ձայնասկավառակներ` «Deutsche Grammophon»-ի համար, որոնք արժանացել  են «Diapason d’Or» և Grammy մրցանակների։

Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի երևանյան համերգին կհնչեն Սվիրիդով Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆևի և Բերգի ոճով՝ 6 մենակատարների և լարայինների համար, Չայկովսկու Նոկտյուրնը և Սերենադը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.