LifestyleMusic

«KINGS ON ICE» ՇՈՈՒԻ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ

18/11/2016

Հայաստանյան ամենասպասված իրադարձությանը հաշված օրեր են մնացել: «Forpostart production»-ի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը հարցազրույցում անդրադարձել է շոուին:

– Զառա, նոյեմբերի 27-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «KINGS ON ICE PRESENT – FASHION ON ICE» փառահեղ շոուն: Սա հերթական շոուն չէ, իրականում այն մեծ իրադարձություն է մեր քաղաքում:

– Սա իսկապես բացառիկ միջոցառում է. ամեն օր չէ, որ մեր քաղաքում ելույթ են ունենում լեգենդար անհատներ: Շատ կուզեի, որ յուրաքանչյուր ոք, մասնակցելով այս յուրատեսակ շոուին, իր հետ տանի վառ ու գեղեցիկ տպավորություններ:

-Դուք խոսեցիք մարդկանց տրամադրություն, հույս հաղորդելու մասին: Շատերը Էրոս Ռամազոտիի համերգի չեղարկումից հետո չեն հավատում, որ հետ կստանան իրենց գումարները: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Ես, իհարկե, հասկանում եմ մարդկանց և նրանց խաբված լինելու մտավախությունը, սակայն ուզում եմ, որ մարդիկ գործեն որպես անհատներ, իրենց իրավունքներն իմացող, գրագետ և հետևողական քաղաքացիներ, անհրաժեշտ տեղեկատվությունը ստանան հավաստի աղբյուրներից՝ ինչպես օրինակ մեր պաշտոնական կայքն է, և ոչ թե կենտրոնանան այլոց անպատասխանատու հայտարարությունների վրա: Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի գումարների վերադարձն արդեն իսկ երկու փուլով իրականցվել է, որին կհաջորդեն երրորդ և չորրորդ փուլերը, և բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն քաղաքացիներին: Ռամազոտիի համերգը չեղարկվեց մի քանի երկրներում, քանի որ բոլորս աշխատում էինք նույն կազմակերպչի հետ, սակայն ոչ մի երկրում այսպիսի աղմուկ չբարձրացավ: Իսկ պատճառն այն է, որ մարդիկ տեղեկատվությունը ստանում էին ոչ հավաստի աղբյուրներից, բերանացի, ինչը նրանց մոլորեցնում և շփոթեցնում էր: Ես շատ հարգում և սիրում եմ իմ ժողովրդին և ևս մեկ անգամ «Forpostart production»-ի անունից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար:

– Իսկ ի՞նչ է սպասվում հայ հանդիսատեսին այս անգամ, ինչո՞վ է այս շոուն տարբերվում նախորդից:

-Այս շոուի հեղինակային իրավունքը պատկանում է Եվգենի Պլյուշչենկոյին, ով, ի դեպ, ջանք չի խնայում Հայաստանում գեղասահքի զարգացմանն աջակցելու հարցում: Թե՛ նախորդ, թե՛ այս շոուին նա մասնակից է դարձրել նաև Երևանի Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի շնորհալի սաներին: Հատուկ հայ հանդիսատեսի համար այս շոուն ներկայացվելու է միանգամայն նոր ձևաչափով: Դրանք սովորական ցուցադրական ելույթներ չեն, այլ մի ամբոդջ բեմականացում. սառույցի վրա ներկայացումը բաղկացած է գեղասահքի, պարային, գործիքային երաժշտության, փոփ, սոուլ, ջազ վոկալիստների, այդ թվում նաև Արմեն Հյուսնունցի գլխավորած Հայաստանի պետական ջազ նվագախմբի, էստրադային-կրկեսային, 50 մոդելների մասնակցությամբ նորաձևության ցուցադրության համարներից: Ականատես կլինենք երիտասարդ տաղանդավոր դիզայներ Սեդա Մանուկյանի և վրացական AVTANDIL նորաձևության տան հավաքածուների հատուկ ցուցադրությանը: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան համաշխարհային մակարդակի գեղասահորդներ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանից, այլև Եվրոպայից և Հայաստանից: Նրանց կազմը չի կրկնվում, և տարբերվում է նախորդ շոուից: Նախագծի վրա աշխատում է մի ամբողջ թիմ: Երևանում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում արդեն երրորդ ամիսն է մեծ թափով ընթանում են շոուի նախապատրաստական աշխատանքները: Սառցե շոուն համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին:

-Կարող ե՞ք շոուին առնչվող որևէ յուրահատուկ դրվագ ներկայացնել:

– Շոուի ռեժիսորներից մեկը մեր հայրենակից, մոսկվայաբնակ հայտնի ռեժիսոր-բեմադրիչ Էմիլ Կարատն է, ում գեղեցիկ մտահղացմամբ շոուի ընթացքում սառույցի վրա վայրէջք կկատարի այլ մոլորակից ժամանած թռչող ափսեն՝ իր անձնակազմով: Այսքանը, փակագծերը չեմ բացում, որովհետև շատ հետաքրքիր է լինելու: Եվս մեկ գաղտնիք բացեմ: Առաջին անգամ դահլիճում տեղադրված էկրաններին կցուցադրվի կուլիսներից այն կողմ կատարվող այն հսկայական աշխատանքը, որը հանդիսատեսը սովորաբար չի տեսնում, առանց որի, սակայն, չէր կարող ստեղծվել այս գունեղ բեմականացումը: Մի խոսքով` «խոհանոցը»:

-Նման շոուները, թերևս, ծախսատար են: Ինչպե՞ս եք հոգում այդ ծախսերը:

– Անցյալ շոուի կազմակերպման ծախսերն ամբողջությամբ հոգացել էր Արի Զաքարյանը: Այս անգամ շոուի կազմակերպման բոլոր ծախսերը իրականացնում է «Forpostart production»-ը, ինչն, իհարկե, այս պահին շատ դժվար է մեզ համար: Մեր նպատակը մեկն է. գոհ և վառ տպավորություններ ստացած հանդիսատես՝ դա մեր աշխատանքի գնահատականն է: Շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանն ամեն ինչ անում է Հայաստանում շոուն ամենամյա դարձնելու ուղղությամբ: Պրեմիերային մնացել է շատ քիչ ժամանակ, աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և շոուի կազմակերպիչները երախտապարտ են բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունն են ցուցաբերում:

– Զառա, շատ քիչ ժամանակ է մնացել, շոուն տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ի՞նչ է հիմա կատարվում:

– Աշխատանքներն ընթանում են բառացիորեն 24-ժամյա ռեժիմով: Իմ թիմն արհեստավարժ է և աշխատանքներն իրականացնում է միահամուռ, գրագետ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Այս շոուն բավականին բարդ նախագիծ է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական մեծ ծախսերի տեսակետից, և «Forpostart production»-ն անում է ամեն հնարավորն ու անհնարինն իր ուժերով: Շատ կուզեի մեր կողքին տեսնել Հայաստանի սպորտի և մշակույթի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին, գործարարներին: Նմանօրինակ միջոցառումները մեծ պատիվ է ցանկացած երկրի համար: «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» շոուն մի քանի ժանրերի համադրություն է, որը բացահայտելու է նոր անուններ թե՛ գեղասահքի, թե՛ նորաձևության աշխարհում՝ շնորհալի և տաղանդավոր հայ երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն ընձեռելով: Մեր նպատակներից է նաև Հայաստանում վերածնել և զարգացնել գեղասահքի ավանդույթները, քանի որ այն ոչ միայն զմայլելի և գեղեցիկ սպորտաձև է, այլև առողջ ապրելակերպ:

 

Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյան

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել